Այսօր խորհրդարանը շարունակեց քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Հերթը խմբակցությունների ղեկավարներինն էր:
«Այսպիսի քննարկումներից ես տպավորություն ստացա, որ որոշ մարդիկ բացառիկ տաղանդ, նպատակ ունեն այնպես խճճելու ամեն ինչ, որ մենք չհասկանանք, թե ինչ ենք ուզում: Եկեք դադարեցնենք այս ոճը, սա բերելու է, ի վերջո, այն բանին, որ պտուղը պտղաջրի հետ կթափենք: Կան մարդիկ, ովքեր պտղաբերության մեջ չեն մասնակցել, իրենց ձեռք չի տալիս, որ ընդհանրապես պտուղ լինի, որովհետև իրենց քաղաքական շահը ենթադրում է, որ ամեն ինչ պետք է վատ լինի, ո՞նց կարող է ինչ-որ մի բան լավ լինի: Կան այդպիսի մարդիկ, ովքեր իրենց քաղաքական պլատֆորմն ամբողջովին կառուցել են դրա վրա, որ չի կարող այս երկրում որևէ լավ բան լինել»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ քաղաքական ուժերի լրջագույն համաձայնությունը ոտքի տակ են ուզում տալ:
Պահանջվող 16 մլն դոլարի առնչությամբ էլ դաշնակցական պատգամավորը սեփական բացատրությունն ունի: «Մինչև հիմա չգիտեի՞ք, որ աշխարհում բոլոր այն կառույցներում, ուր Հայաստանը մտել է, մտել է ինչ-որ ակնկալիքներով, այդ թվում՝ ֆինանսական աջակցության ակնկալիքով: Պետք չէ, որ ըտենց մենք մեզ դատափետենք, ասենք՝ էս ի՞նչ խայտառակ երկիր ենք և այլն: Աշխարհում մենք մենակ չենք, մտել ենք էդ կառույցների մեջ, որ, այո, օգտվենք նաև այդ միջոցներից»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ վստահ է, որ իշխանափոխության միակ ճանապարհն ընտրություններն են: «Այլ ճանապարհը արյունահեղությունն է, որը մենք իրավունք չունենք թույլ տալու»,- նշեց պատգամավորը` շեշտելով, բոլոր նրանք, ովքեր դեմ են, որ Ընտրական օրենսգրքի այս լրջագույն դրույթներն ամրագրվեն, նրանց «կոդերն ու մեսիջները» ազնիվ չեն:
Զոհրաբյանի դիտարկմամբ, ովքեր դեմ են ԸՕ-ի փոփոխված այս տարբերակին, ուրեմն ուզում են, որ հերթական այլանդակ ընտրությունը լինի, իսկ իրենք էլ ճվճվան ու դիմեն դեսպանատներին:
Իշխող մեծամասնության խմբակցության ղեկավարը նախ դիմեց ընդդիմադիրներին. «Հարգելի արմատականներ, ծայրահեղականներ, կառուցողականներ և թվացյալ ընդդիմադիրներ, ես խնդրում եմ, վերջ տվեք ձեր պայքարին, թե ով է ավելի ընդդիմադիր»:
Վահրամ Բաղդասարյանը նույնիսկ հեգնեց, որ ոմանք այս դահլիճում խոսում են, որպեսզի նկարվեն: «Կարողացեք կառավարել ձեզ ու ձեր կրքերը»,- կոչ արեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը և մի քանի «թթու» խոսք էլ նետեց դոնոր կազմակերպություններին: «Երբ դոնոր կազմակերպություններին պետք է լինում իմ ազգային արժեքները փչացնել իմ երկրում և դրա համար ակցիաներ կազմակերպել, դրա համար կան միլիոնավոր դոլարներ: Իսկ երբ որ պետք է ժողովրդավարությունը զարգացնել, դրա համար անհրաժեշտ գումարները մենք չենք ճարում»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ